Իրաքում 2007թ. օգոստոսի 14-ին եզդիական չորս գյուղ է ոչնչացվել, որի արդյունքում սպանվել է ավելի քան հազար եզդի: Եզդինների ոչնչացումը մինչ այժմ շարունակվում է: Նրանց համար Հայաստանի եզդիները օգնություն են խնդրում ՀՀ կառավարությունից: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Եզդիների ազգային կոմիտե ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանը:
«Մեր սպասելիքները ՀՀ կառավարությունից այն է, որ միջազգային ատյաններում բարձրացնեն եզդիների հարցը: Այսօր Իրաքում եզդիները ոչ մի իրավունքի չեն տիրապետում»,- ասաց նա՝ նշելով, որ ամբողջ Հայաստանի եզդիների անունից իրենք նամակ կուղարկեն ՀՀ արտգործնախարարին և սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. «Խնդրում ենք, որ ՀՀ կառավարությունը միջազգային ատյաններում բարձրացնի Իրաքում ապրող եզդիների հարցը: Դա ամբողջ Հայաստանի եզդիների պահանջն է, քանի որ նրանք իրենց եղբայրների փրկությունը որոշակիորեն կապում են Հայաստանի կառավարության հետ»:
Բանախոսի խոսքով՝ իրենց հույսը նրանում է, որ տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքը զբաղվի եզդիների հարցերով: «Ինչ-որ հասարակական կազմակերպություններ, անհատներ փորձում են օգնություն ցույց տալ, բայց աստեղ եզդիների միակ փրկությունը կարող է լինել Իրաքի քաղաքականության մեջ եզդիների հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ»,- ասաց նա: